Մենք մեր ուսանողներին ոչխարների նման չենք վերաբերվում, որ տանենք, լցնենք դահլիճները. կրթության միջազգային ակադեմիա
Կրթության միջազգային ակադեմիայի և նրա մաս կազմող «Հայբուսակ» համալսարանի ուսանողներով կուսակցությունների քարոզարշավների ժամանակ դահլիճներ չեն լցվում: «Մենք մեր ուսանողներին ոչխարների նման չենք վերաբերվում, որ տանենք լցնենք դահլիճները»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության միջազգային ակադեմիայի քոլեջի և ավագ դպրոցի տնօրեն Աննա Հարությունյանը, ով ներկայացավ «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ վերջինս անցած տարեվերջին մի փոքրիկ «սկանդալի» մեջ հայտնվեց այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում, այն հարցին, թե եթե լինի հարց, որ կա՛մ պետք է իշխանությանը` Սերժ Սարգսյանին, դեմ դուրս գա, կա՛մ ԲՀԿ-ին, այդ դեպքում ո՞ր տարբերակը կընտրի, պատասխանել էր. «Դա քիչ հավանական եմ համարում: Անկեղծ ասած, Ձեր ակնարկը հասկանում եմ: Բայց եթե, այնուամենայնիվ, ուզում եք իմ դիրքորոշումն իմանալ, ասեմ, որ եթե իմ ընտրած քաղաքական ուժը դեմ գնա ներկա նախագահին` Սերժ Սարգսյանին, ապա ես առանց տատանվելու չեմ մնա այն քաղաքական ուժի շարքերում, որը դեմ է իմ ընտրած և ընտրվելիք նախագահին»:
Ուսանողների՝ հանրահավաքներին մասնակցելու հնարավորությունը Աննա Հարությունյանը բացառեց, քանի որ ակադեմիայում, նրա խոսքով, դա չի թույլտարվում, և, բացի այդ, ուսանողներն այնքան զբաղված են, որ ժամանակ էլ չունեն դրա համար. «Մեր ուսանողները շատ զբաղված են, դասերին էլ ներկա են բոլորը, եթե ներկա էլ չեն, ունեն լուրջ պատճառներ դրա համար»,- ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ ուսանողները և դասախոսական կազմը չունեն քաղաքական կողմոնորոշում:
Այնուհետ նա ավելի ճգրիտ նշեց, որ ուսանողների մեջ կան կուսակցությունների համակիրներ, սակայն իրենց գործունեությունը ծավալում են համալսարանից դուրս:
Կուսակցությունների նախընտրական ծրագրերի կրթական ոլորտին վերաբերող բաժինները, Աննա Հարությունյանն ասաց, որ չի ուսումնասիրել, քանի որ դրանք նրա խոսքով միայն խոստումներ են մնում:
«Առաջ ուշադիր հետևում էի, բայց քանի որ զգացել եմ, որ դա ծրագրերի լուսավոր կետն է, լավ խոստումներ են տրվում, այնքան գրագետ են կազմվում, հավանաբար համապատասխան մասնագետներ կան կուսակցություներում: Եթե դրանց մի մասը գոնե իրականացնի, ես կողմ եմ: Իսկ քանի որ, տեսել եմ, որ բան չի փոխվում, զգացել եմ, որ իմաստ չունի առանձնապես կարդալ»,- ասաց նա:
Հարցին, գոհ է արդյոք Հարությունյանը ներկայիս իշխանության կրթական քաղաքականությունից, նա պատասխանեց. «Այո, ազնիվ գոհ եմ»:









