Հ1-ը՝ ՀՀԿ-ին, Հ2-ն ու «Կենտրոնը»` ԲՀԿ-ին, «Երկիր մեդիան» ՀՅԴ-ին. ՀՌԱՀ-ը ներկայացրեց տվյալները
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամենաշատը լուսաբանել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Կենտրոն» և «Հայկական 2-րդ» հեռուստաալիքները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը` «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստաընկերությունների` կուսակցություններին հատկացված եթերաժամի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:
«Պետք է նշեմ, որ մենք նամակ ենք գրել բոլոր այդ հեռուստաընկերություններին, սակայն դա ոչ նախազգուշացում է եղել, ոչ վարչական տույժ և ոչ էլ՝ ուրիշ մի բան»,-ասաց Գրիգոր Ամալյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին տեղի ունենալիք ընտրությունների` նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՌԱՀ-ը կատարում է մոնիտորինգներ, հեռուստատեսությունների և ռադիո ընկերությունների, ընտրությունների ժամանակ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անդամներին եթեր տրամադրելու կապակցությամբ:
Անվճար հեռուստատեսային գովազդ տրամադրում է միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն, իսկ այդ ծառայություններից օգտվել են բոլոր կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները: Ըստ ՀՌԱՀ-ի անցկացրած մոնիտորինգի՝ ամենաշատը այդ ծառայությունից օգտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ ամենաքիչը այդ ծառայությունից օգտվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ վարչական խախտում նկատելու դեպքում՝ հեռուստա կամ ռադիո ընկերությունը կենթարկվի վարչական տույժի, որն էլ կազմում է մեկ միլիոն դրամ:
ԱՆ









