ՀՀ դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի վարչապետի հետ

16:09 • 19.04.12

Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ապրիլի 18-ին ընդունել է Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահն:


ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ դեսպանը շեյխ Ջաբեր ալ-Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքները:


Զրուցակիցներն անդրադարձել են հայ-քուվեյթյան համագործակցության ներկա ընթացքին և երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հեռանկարներին:


Վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաքն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից և նշել, որ Քուվեյթի պետությունը մտադիր է էլ ավելի խթանել փոխշահավետ գործակցությունը մշակույթի, կրթության և գիտության, առևտրատնտեսական, այդ թվում` ներդրումների խրախուսման և ենթակառուցվածքների ոլորտներում:
Նա նաև կարևորել է հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը` որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորագույն բաղադրիչ:


Կողմերն արձանագրել են նաև Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպանության գործունեության արդյունավետությունը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու իրականացմանը: