«Իրավական շտապ օգնությունը» արագ կարձագանքի ընտրական խախտումներին

12:40 • 19.04.12

Ոչ միայն ընտրությունների օրը, այլև դրանից առաջ՝ քարոզչական այս փուլում, քաղաքացու իրավունքները խոչընդոտելու դեպքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն անմիջապես կարձագանքի քաղաքացիների ահազանգին: Իսկ դրա համար, ընդամենն անհրաժեշտ է դիմել 080080804 թեժ գծին և դեղին գլխարկներով՝ լրագրողների ու փաստաբանների խումբը կպաշտպանի ձեր շահերը:


Այսօր հրավիրված մամլո ասուլիսում հավաստիացրեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը և բացատրեց, որ իրենց նպատակն է իրավիճակը չսրել և իրավական մոտեցում ցուցաբերել տեղամասերում, ինչպես նաև, տեղամասերից դուրս իրականացվող հնարավոր ընտրական խախտումների դեմ:
«Հիմնական շեշտը ընտրությունների օրվա վրա է դրվելու, արձագանքելու ենք հատուկ՝ «Իրավական շտապ օգնության» մեքենաներով»,- ասաց ՀԿ խորհրդի նախագահը և նշեց, որ այս տարի կազմակերպությունն ունի 30 նմանատիպ մեքենաներ: Նրանք նախ հեռախոսով կփորձեն իրավական աջակցություն ցուցաբերել՝ համոզվելով դիմողի տրամադրած տեղեկատվության իրավացիություն մեջ՝ անհրաժեշտության դեպքում կմոտենան քաղաքացուն և տեղում կփորձեն խնդիրներին լուծում տալ:


Բանախոսը նկատում է, որ իրենց կազմակերպությունը գործում է 2007 թ-ից և ֆինանսավորվում է միջազգային կառույցների կողմից:


Չնայած, քարոզարշավին ընձեռնված ժամանակահատվածն արդեն կիսով չափ անցել է, բայց ՀԿ-ն դեռևս լուրջ դիմումներ չի ստացել քաղաքացիների կողմից: «Դեռևս միայն խորհրդատվական տիպի զանգեր ենք ստանում»,-ասաց Կիրակոսյանը:
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ Արտակ Կիրակոսյանը նաև նշեց, որ քաղաքացիներն իրենց դիմել են հիմանականում ընտրացուցակներում իրենց անունները չլինելու փաստով, ինչպես նաև, խորհրդատվական բնույթի աջակցություն ստանալու նպատակով: Ըստ նրա, դեպքեր են եղել, երբ թույլ չեն տվել լուսանկարել կամ տեսանկարահանել, տեսախցիկն են ձեռքից խլել և այլն:


ՀԿ խորհրդի նախագահը նաև նկատեց, որ իրենց կառույցը միակը չէ, որն իրականացնում է ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված գործողություններ, և որ «Իրավական շտապ օգնության» մեքենաներով արձագանքման խումբ ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: