ԲՀԿ-ն վաղուց Ռոբերտ Քոչարյանի հետ չէ. Արամ Մանուկյան
Լուսանկարը` Panarmenian-ի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վաղուց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չէ»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Վերջինս իր խոսքերը հիմնավորում է, ըստ իր հստակ տեղեկությունների. «Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ վաղուց չկա, դա ոչ թե բառեր են, այլ ունեմ հստակ փաստեր, որ այդ մարդը որևէ քաղաքական ուժի չի կպչելու, քանի որ որևէ քաղաքական ուժ չի ուզում նրա հետ ճանապարհ գնալ՝ և՛ հայաստանյան, և՛ արտահայաստանյան»:
Ըստ այդմ էլ, Արամ Մանուկյանը չհերքեց ԱԺ ընտրություններից հետո ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» հնարավոր կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները՝ նշելով, որ իրենց համար կարևորը ընտրություններից առաջ և ընտրության օրն է. «Եթե ընտրությունները կեղծվեն և ժողովուրդը կրկին հիսաթափվի, ներողություն, բայց՝ թքած յուրաքանչյուր կոալիցիայի վրա: Հաջող կանցնի՝ լավ, ամեն ինչ էլ ընդունելի է: Կարևորը ժողովուրդը զգա, որ ինքը մասնակից եղավ ընտրությունների արդյունքի ձևավորմանը վրա, ինձ համար դա գերագույն արժեք է, իսկ թե ի՞նչ հավաքական ուժեր կլինեն, դա արդեն կարևոր չէ»:
Արամ Մանուկյանը նաև նշեց, որ այս դաշտում ցանկացած ուժի, որը կնպաստի արդար ընտրությունների անցկացմանը, ՀԱԿ-ը կհամարի իր գործընկերը. «ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, մասամբ «ժառանգությունը», եթե կարող են բացահայտել և կանխել ցանկացած բան՝ ինձ համար ընդունելի է: Ես չգիտեմ, որքանո՞վ կստացվի, բայց որ կա կամք, ես դա ողջունում եմ: Այն կողջունեմ, եթե դա անի նույնիսկ Հանրապետական կուսակցությունը»:
Չնայած լրագրողների ջանքներին՝ Արամ Մանուկյանը խուսափեց «Ժառանգության» հասցեին որևէ մեկնաբանություն տալ, հիշեցնելով, որ իրենց թիրախը Հանրապետական կուսակցությունից բացի այլ ուժ չի կարող լինել. «Սերժ Սարգսյանը կերազի, որ «Ժառանգությանը» թիրախ դարձնենք »,-հավելեց ՀԱԿ պատգամավորի թեկնածուն:









