Չենք հավատում արդար ընտրություններին և մայիսի 8-ից կսկսենք միտինգները. Արամ Մանուկյան
Լուսանկարը` Panarmenian-ի
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, չնայած, պայքարում է արդար ընտրություններ անցկացնելու համար, բայց, միաժամանակ, չի հավատում, որ ընտրությունները կանցնեն իրենց նախատեսվածով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանը։
«Մենք մայիսի 8-ից 20 միտինգների հայտեր ենք ներկայացրել, մենք ամենևին թիթեռնիկներ չենք, որ հավատանք իրենց՝ արդար ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններին»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ՀԱԿ–ն անցկացնում է իր քարոզարշավը, որն Արամ Մանուկյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, չհաշված՝ «այն բռի մեթոդները, որ իշխանությունները կիրառում են»:
Արամ Մանուկյանը մանրամասնեց, որ, օրինակ՝ երեկ Էջմիածնում, բացահայտ կերպով, խորչընդոտել են իրենց քարոզարշավին: Բացի այդ նա նկատեց, որ քիչ ժողովուրդը էր եկել հավաքին, քանի որ ակնհայտ էր՝ վախեցրել էին:
«Նախ հոսանք չտվեցին մեզ մինտինգ անելու համար, և հետո ոստիկանները ժողովրդին բացահայտ նկարահանում էին՝ հետագայում վախեցնելու նպատականով»,- ասաց Մանուկյանն ու նշեց, որ նույն մարդիկ, եթե այնտեղ չեն եկել, «Ազատության» հրապարակի հանրահավաքին գալիս են: Իսկ այսօր վախեցնողը, ըստ նրա, «գեներալիտետն է». «Ես չգիտեի, որ այդքա~ն հզոր են նրանք»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը:
Մարդկանց վախեցնելը, ըստ Մանուկյանի, նաև իր հակազդեցությունն է ունենում, և ժողովրդի մոտ զարույթ է առաջացնում. «Արմավիրի դեպքը՝ Մերուժան Մխոյանին ծեծելով ստիպել-հանել թեկնածությունը, ամբողջությամբ կատաղեցրել է տեղի ժողովրդին, դրա ապացույցը մենք տեսանք՝ այն մեծ էներգետիկայով հանրահավաքն էր, որ տեղի ունեցավ Արմավիրում»:
Արամ Մանուկյանը նաև հիշեցրեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև ՀԱԿ-ի մյուս թեկնածուների դեմ բռնությունների դեպքերը:
ՀԱԿ պատգամավորի թեկնածուն տեղեկացրեց, որ իր ընտրատարածքում՝ Արաբկիրում, անձամբ այցելել է 650-ից 700 տուն:
«Հասկացա, որ բոլորովին ուրիշ թվեր են ներկայացվում: Ժողովրդի 70-80% ը ընդդիմության համակիրն է»,– ասաց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ այդ հանդիպումների ընթացքում ինքը երբևէ Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկրին» համակիր քաղաքացու չի հանդիպել: Փոխարենը՝ տեսել է մյուս կուսակցությունների համակիրներին:









