Արմեն Աշոտյանն ստիպված է եղել ԵՊԼՀ դահլիճից իջնել բակ՝ ուսանողների հետ հանդիպման

16:14 • 19.04.12

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ այսօր սկսվեց միջադեպով:


Բուհի շենքի մոտ հավաքված հարյուրավոր ուսանողները պահանջում էին Աշոտյանից ոչ թե ուսանողների հարցերին պատասխանել համալսարանի դահլիճում, այլ իջնել բակ և այստեղ հավաքվածների առաջ պարզաբանել, թե ինչու են ռեկտորի պարտականություններից ազատել բուհի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին:


Ուսանողների պնդմամբ՝ դահլիճում հավաքվածների մեջ այլ համալսարանների ուսանողներ նույնպես կան:
Նախարարը հրաժարվեց իջնել և պնդեց, որ հանդիպումը կշարունակի դալիճում, ինչին ուսանողներն արձագանքեցին բուռն աղմուկով: Դրսում հավաքվածների մեծ մասը ներխուժեց դահլիճ և սուլոցներով ու վանկարկումներով պահանջեց Աշոտյանին իջնել մյուսների մոտ:


Ուսանողների մոտ կես ժամից ավելի տևած պահաջից հետո Աշոտյանին մոտեցան մի քանի բրյուսովցիներ և առանձին խնդրեցին, որ նա իջնի, ինչից հետո միայն նախարարը տեղի տվեց:


Այս պահին արդեն ԵՊԼՀ շենքի բակում հարցուպատասխանի տեսքով ընթանում է Աշոտյանի և ուսանողների հանդիպումը, որը պարբերաբար ընդհատվում է ի պաշտպանություն Սուրեն Զոլյանին վանկարկումներով: