«Հետ բե–րեք Զո–լյա–նին». պահանջում են ԵՊԼՀ ուսանողները
Լուսանկարը` Panarmenian-ի
«Հետ բե–րեք Զո–լյա–նին» վանկարկումով սկսվեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում հավաքված ուսանողների հետ:
Նախարարը՝ ի պատասխան վանկարկումների, հայտարարեց, որ Սուրեն Զոլյանը կարող է վերադառնալ երկու ճանապարհով: «Այդ ճանապարհներից և ոչ մեկը չի ենթադրում նախարարության վրա նման զանգվածային ակցիաների միջոցով ճնշումներ գործադրելը: Չի ենթադրում՝ մամուլում փոխադարձ մեղադրանքներ կամ վիրավորանքներ»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինիս համոզմամբ, Սուրեն Զոլյանի վերադարձի ճանապարհներից մեկը դատական վճիռն է, երկրորդը` նոր ընտրություններին իր թեկնածության առաջադրումն ու դարձյալ վերընտրվելը:
Ուսանողները Արմեն Աշոտյանից պահանջեցին կետ առ կետ ներկայացնել ռեկտորի ազատման իրավական բոլոր հիմքերը: Սակայն նախարարի պատասխանը պարբերաբար ընդհատվում էր ռեկտորին վերադարձնելու մասին վանկարկումներով:
Հանդիպման ավարտից րոպեներ առաջ, ուսանողները հայտարարեցին, որ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ ուսանողներից մեկին` բուհի քաղաքագիտության 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Սամսոնյանին: Ուսանողները սպառնացին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ դուրս չթողնել համալսարանից, քանի դեռ Նարեկին ազատ չեն արձակել: Նախարարը հայտարարեց, որ եթե նա ոչինչ չի արել, ապա ազատ կարձակվի, սակայն այս պահին ինքը մանրամասներին անտեղյակ է:
Նախարար Աշոտյանը հեռացավ համալսարանի հետնամուտքով, իսկ համալսարանի ուսանողները նրա հետևից շարունակում էին վանկարկել. «Նա-րե՛կ, Նա-րե՛կ»:
Հիշեցնենք, որ ԵՊԼ համալսարանի դահլիճում նախարար Աշոտյանի հետ նախատեսված հանդիպումը ուսանողների պահանջով տեղափոխվել էր բակ: Չնայած, Աշոտյանն ընդդիմանում էր` պնդելով, որ ինքը եկել է ոչ թե հանրահավաքի, այլ ուսանողների հարցերին պատասխանելու, սակայն ուսանողների բարձրացրած աղմուկից հետո ստիպված եղավ զիջել:
Ուսանողները սպառնացին նաև դասադուլ սկսել:
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Նարեկ Սամսոնյանը Ոստիկանությունից բաց է թողնվել։









