Երկարաձգվեց ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը

15:19 • 19.04.12

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց երկարաձգել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի գործընթացը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ այդ անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման և ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկետների հաշվառման նկատառումով։


Նշենք, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016 թ. սեպտեմբերի 1-ին: Կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարեց մինչև 2013 թ. մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչև 2013թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, իսկ մինչև 2013 թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։


Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ այս օրերին Հայաստանում է գտնվում նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը և իրենք դիմել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին` խնդրանքով, որպեսզի իրենց օժանդակությունը ցուցաբերեն գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու համար:


Վարչապետը նաև նշեց, որ իրենք՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիմել են նաև նոր ատոմակայանի բլոկի կառուցմանն օժանդակելու խնդրով: