Բաքվում կերգեն հանուն ժողովրդավարության. Deutsche Welle
Իրավապաշտպանները ցանկանում են օգտագործել Բաքվում մայիսի 26-ին անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթը` միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Գերմանական Deutsche welle-ն, անդրադառնալով մրցույթին ու հյուրընկալող երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներին, գրում է, որ մինչ այսօր Արևմուտքը միայն «զուսպ քննադատության է ենթարկել նավթով հարուստ այս երկրին»:
«Պատճառը տնտեսական կապերն են նավթով հարուստ այս երկրի հետ: Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունների մոտ տպավորություն է, թե Արևմուտքի համար բիզնեսն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,- հայտնել է քաղաքագետ Լեյլա Ալիևան:
Մարդու իրավունքների գերմանացի պաշտպան Մարկուս Լյոնինգն այս կապակցությամբ չի թաքցրել իր վրդովմունքը:
«Վերջին ցնցող դեպքը, որին ես բախվել եմ այս երկրում, կապված էր լրագրողների վրա գործադրվող ճնշումների հետ: Դրանց մասին ես անձամբ գիտեմ»,- թերթին տված հարցազրույցում ասել է Լյոնինգը, ով Բաքվում է եղել մարտին:
Նա հատկապես նկատի է ունեցել ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովային, ով իր վրա զգացել է` ինչ ասել է Բաքվի իշխանությունների դեմ քննադատական նյութեր տպագրելը:
Հենց այս խնդիրների մասին են ցանկանում բարձրաձայնել իրավապաշտպանները «Եվրատեսիլ» մրցույթում:
«Մենք գտնում ենք, որ մրցույթը միայն մշակութային իրադարձություն չէ»,- Բեռլինում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նախաձեռնած ասուլիսում հայտնել է իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը:
Նա հայտնել է Sing for democracy` «Երգենք հանուն ժողովրդավարության» ակցիայի մասին, որն ինքն ու իր համախոհներն անցկացնում են 2011-ի ամառվանից: Ակտիվիստի խոսքով` նախաձեռնության նպատակը լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելն է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, որոնց մասին շատ քիչ բան գիտեն Արևմուտքում:
Սակայն իրավապաշտպանները քննադատում են ոչ միայն երկրում խոսքի ազատության սահմանափակումները: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով` տասնյակ քաղաքացիներ ճաղերի ետևում են գտնվում քաղաքական դրդապատճառներով: Գերմանացի օմբուդսմենը կոչ է արել Ադրբեջանին` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Սակայն իշխանությունները դեռ արհամարհում են նմանատիպ կոչերը:









