Բրեյվիկն ահաբեկչության համար գումար է տնտեսել ու մեկ տարի անընդմեջ World of Warcraft խաղացել

18:37 • 19.04.12

Օսլոյում այսօր շարունակվել է 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատական գործընթացը: Նախորդ տարվա հուլիսի 22-ին նա ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա:


Ըստ vz.ru-ի` նա նիստում հայտարարել է, որ ողջ 2006 թ.-ն անցկացրել է համակարգչի առաջ` խաղալով World of Warcraft:

 

«Ես World of Warcraft էի խաղում օրական 16 անգամ ու այդպես մեկ տարի շարունակ: Միայն խաղացել եմ ու քնել»,- պատմել է ահաբեկիչը:

 

Նա ողջ տարին անցկացրել է իր մայրիկի տանը` գումար տնտեսելու համար, քանի որ իր գլխավորած ընկերությունը փակվել էր: Ըստ նրա` ահաբեկչության անցկացման համար անհրաժեշտ էր գումար տնտեսել, իսկ «մայրիկի տանն ապրելն էժան էր»: Նա հավաքել է մոտ 1 մլն կրոն (167.4 հազ դոլար):

 

Դատախազի այն հարցին, թե հենց այդ տարում է նա ահաբեկչություն իրականացնելու որոշում ընդունել, ահաբեկիչը դրական պատասխան է տվել:

 

Ի դեպ, նախորդ տարվա հուլիսի 22-ին կատարված կրկնակի ահաբեկչությունից հետո, World of Warcraft և Call of Duty – Modern Warfare տեսախաղերը Նորվեգիայում վաճառքից հանվել են: Պատճառը դեռ այն ժամանակ Բրեյվիկի խոստովանությունն էր, որ հենց այս խաղերի շնորհիվ է նա նախապատրաստվել ահաբեչությանը:

 

Բրեյվիկը պատմել է նաև, որ զենքը ձեռք է բերել օրինական կերպով: Իսկ դա ձեռք բերելը շատ բարդ է եղել, ինչի համար նա ստիպված է եղել Հրաձիգների ակումբին անդամագրվել, ինչը զենք գնելու և մարզվելու հնարավորություն է ընձեռում:
Յուրաքանչյուր միավոր զենքին նա անուն է տվել` պարզաբանելով, որ նման ավանդույթ է գոյություն ունեցել սկանդինավցի վիկինգների ու այլ ռազմատենչ ժողովուրդների մոտ:

 

Ի դեպ, մինչ Բրեյվիկը դատարանում պատմել է իր արկածների մասին, դահլիճ է փորձել ներս մտնել նորվեգացի նեոնացիստ Քրիստիան Կիվիկը, ով 1979թ.-ի մայիսի 1-ին նռնակ էր պայթեցրել ամբոխի մեջ, հայտնում է նորվեգական Dagbladet-ը: Նրան խոչընդոտել են ոստիկանները: Նեոնացիստը հայտնել է, որ ընդամենը ցանկանում էր հետևել դատական գործընթացին:

 

Դատարանի մուտքի մոտ ոստիկանները բռնել են նաև մի գերմանուհու, ով հայտարարել է, թե Բրեյվիկի սիրուհին է եղել: Նա վտարվել է Գերմանիա:


Բրեյվիկը հայտնել է նաև, որ նախապես որոշել է երեք ականապատ մեքենա պայթեցնել Օսլոյի կառավարական թաղամասում, սակայն այդ ծրագիրը չի իրագործել, քանի որ «այն բավական բարդ էր»:


Նախնական տվյալներով` դատական գործընթացը կտևի 10 շաբաթ, իսկ վճիռը կհրապարակվի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե դատարանը Բրեյվիկին մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար):
Հակառակ դեպքում նա ցմահ կուղարկվի հոգեբուժարան: