Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով

18:08 • 19.04.12

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հանրահայտ բանաստեղծութունն այսուհետ հայտնի կդառնա ամբողջ աշխարհում. այն կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով:
 

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն այսօր ասուլիսին հայտնեց, որ թանգարանի նախաձեռնությամբ նախատեսվում է բանաստեղծությունը թարգմանել աշխարհի բոլոր լեզուներով: Նա նշեց, որ 30 երկրներից արդեն ստացել են թարգմանությունը:


Լիլիթ Հակոբյանը նաև ասաց, որ մի լեզվով ունեն անգամ թարգմանության մի քանի տարբերակ։


«Անգամ եթովպերենից ունենք թարգմանությունը: Մի քանի տարբերակ ունենք պարսկերեն լեզվով, իսպաներենով՝ 3 տարբերակ, ֆրանսերենով՝ երկու: Երևի կստեղծվի մասնագիտական հանձնաժողով, որը կընտրի, թե որն է բնագրին ավելի հարազատ»,- ասաց թանգարանի տնօրենը:


Չարենցի տուն-թանգարանի տնօրենը նշեց նաև, որ առաջին անգամ նախատեսվում է նաև անգլերեն լեզվով Չարենցի ստեղծագործությունների թարգմանությունը, որի նախաձեռնողը դարձյալ թանգարանն է, իսկ թարգմանությունը կատարելու է գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը: