Ավստրալուհին գործատուից փոխհատուցում է պահանջել գործուղմանը սեքսի ժամանակ ստացած վնասվածքի համար

18:56 • 19.04.12

Ավստրալիայի դաշնային կառավարության աշխատակցուհին իր գործատուից դատական կարգով դրամական փոխհատուցում է պահանջել գործուղման ընթացքում սեքսով զբաղվելու ժամանակ ստացած վնասվածքի համար, հայտնում է ABC News-ը:


Դատարանի` այսօր հրապարակած վճռով` գործատուն պետք է ոչ միայն բուժման համար ծախսված գումարը փոխհատուցի, այլև վճարի իրավական ծախսերը:

 

Կինը, ում անունը չի հաղորդվում, 2007 թ.-ին մեկնել է գործուղման, որտեղ էլ հյուրանոցում սեռական կապի մեջ է մտել մի տղամարդու հետ: Սակայն գործողության թեժ պահին կնոջ գլխին է ընկել լուսամփոփը, որը վնասել է կնոջ քիթը, բերանն ու ատամները: Բացի այդ, ինչպես տուժողն է նշել, վնասվածքների պատճառով նա ուժեղ սթրես է տարել, որն էլ հանգեցրել է հոգեկան խանգարումների:



Աշխատանքի անվտանգության կառավարական կոմիտեն հրաժարվել էր այն ժամանակ հոգալ կնոջ բուժման ծախսերը: Տուժածը դիմել էր Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժել էր քննել կնոջ գործը: Վերջապես նա դիմել է ավելի բարձր ատյան, որն էլ այսօր հրապարակած վճռով պարտավորեցրել է գործատուին վճարել համապատասխան գումարը:


Դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ եթե կինը խաղաքարտ խաղալիս էլ վնասվածք ստանար, գործատուն, միևնույն է, պարտավոր է հոգալ իր աշխատողի բուժման ծախսերը: