Թիվ 12 ընտրատարածքի 5 թեկնածուից բանավեճին ներկայացել էին միայն երկուսը
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնն այսօր բանավեճի էր հրավիրել թիվ 12 ընտրատարածքում առաջադրված բոլոր թեկնածուներին, սակայն ներկա էին միայն «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Անահիտ Բախշյանը և անկուսակցական, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
Գոհար Վեզիրյանը նախ բացատրեց, թե ինչու է առաջադրվել հենց թիվ 12 ընտրատարածքում: «Ես համարվում եմ էրեբունի համայնքի բնակիչ, իսկ թիվ 12 ընտրատարածքն ընդգրկում է նաև Էրեբունին: Ես բոլոր իրավունքները ունեմ այստեղ առաջադրվելու»,- ասաց նա:
Նույն հարցին պատասխանելով՝ Անահիտ Բախշյանն ասաց որ մեծամանսնականով առաջադրվելով ինքը փորձել է կոտրել միանգամից մի քանի կարծրատիպեր: Առաջինն այն է, որ մեծամասնականով կին թեկնածու չի կարող անցնել և դա կարողացել է անել միայն Հրանուշ Հակոբյանը:
«Երկրորդը՝ փորձել եմ կոտրել այն կարծրատիպը, որ միայն օլիգարխը կարող է առաջադրվել, որը հետագայում ոչինչ չի անում խորհրդարանում: Թեև ապրում եմ Մալաթիայում, բայց 12 ընտրատարածքում առաջադրվել եմ, քանի որ Շենգավիթ վարչական համայնքում ինչ շատ լավ են ճանաչում, ութ տարի դպրոցի տնօրեն եմ եղել և շատ ընտանիքներ են ինձ ճանաչում, բայց դա չի նշանակում, որ այլ տարածքների խնդիրներով չպետք է հետաքրքվեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում բացի բանավեճի մասնակիցներից առաջադրվել են նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Կառլեն Գևորգյանը, «Բարգաբաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Լևովա Խաչատրյանը, «Օրինաց Երկրից» առաջադրված Ռոբերտ Մասումյանը և Հայ ազգային դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Գոհար Վեզիրյանը բացատրեց, թե ինչու է փորձում դառնալ պատգամավոր և ինչ է անելու խորհրդարանում միայնակ՝ առանց որևէ կուսակցության աջակցության:
«Օրենքները պետք է կատարալեգործել և գնալ կարծրատիպային իրավիճակը փոխելու նախաձեռնությամբ: Ես առաջադրվելու ժամանակ քննարկումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ և բոլորը հարցրել են, թե միայնակ ի՞նչ հարցեր եմ լուծելու: Միայնակ, թե քաղաքական ուժի հետ, բայց դու գնում ես քո տեսակը ներկայացնելու և գործ անելու համար»,- ասաց նա։
Գոհար Վեզիրյանը նաև նշեց, որ եթե պատգամավորը միայնակ կարողանում է քաղաքական հարցեր հնչեցնել բարձր ամբիոնից և բոլորի ուշադրությունը սևեռել կոնկրետ հարցերի վրա, նշանակոււմ է՝ անում է այն, ինչ թույլ է տալիս իր մանդատը:
Անահիտ Բախշյանն էլ հիշեցրեց, որ այս հինգ տարիների ընթացքում ինքը եղել է ժողովրդի հետ իրենց հուզող յուրաքանչյուր խնդրի ժամանակ և շարունակելու է նույն կերպ աշխատել:









