ՀՀ նախագահն այցելեց Երևանի թիվ 141 մսուր-մանկապարտեզ (տեսանյութ)

21:02 • 19.04.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղավ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզում: ՀՀ նախագահը շրջեց մանկապարտեզում` ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքներին: Մանկապարտեզի սաները Սերժ Սարգսյանին դիմավորեցին երգ ու պարով:

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ասաց, որ 1975 թ. մանկապարտեզը գտնվում էր անմխիթար վիճակում:

«2010 թ-ին մանկապարտեզն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ, և մենք մեծ ջանքեր գործադրեցինք այն տեսքի բերելու համար: Սա միակ մանկապարտեզն է, որը գիշերօթիկ է, ուր այցելում են ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները»,-ասաց Գայանե Սողոմոնյանը:

Վերջինս նշեց, որ քաղաքապետարանն իր բյուջեից հոգում է գիշերակացի խնդիրները: Երեխաները տուն են գնում միայն ուրբաթ օրերին և մանկապարտեզ են հաճախում միայն երկուշաբթի: Մանկապարտեզն ունի նաև մսուրային խումբ, որտեղ ևս կան գիշերօթիկի երեխաներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում մանկապարտեզի շենքն ամբողջովին հիմնանորոգվել է: Փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, մանկապարտեզը վերակահավորվել և ստացել է նոր սարքավորումներ: