ՀԱԿ–ը կույրաղիք չէ. Գուրգեն Եղիազարյանը պատասխանում է ՕԵԿ–ին

18:20 • 19.04.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ, մեծամասնական ընտրակարգով թիվ 27 ընտրատարածքում առաջադրված Գուրգեն Եղիազարյանը չգիտի՝«Օրինաց երկիր» -ը «ՀՀԿ-ի կույրաղիքն է», թե ուրի՞շ աղիք են», բայց գիտի, որ այսպիսին չլինելու համար պետք է իշխանության գալուց հետո ժողովրդի համար ընդամենը մեկ լավ բան անել:
Նշենք, որ այսօր Aravot.am-ին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասել էր, որ հենց ՀԱԿ–ն է կույրաղիքը՝ հակադարձելով ՕԵԿ–ին տրված ՀԱԿ–ի բնորոշմանը։


«Եթե իրենք ոչ մի լավ բան չարեցին, ապա կարելի էր գոնե վնաս չտալ: Ցավոք սրտի, իրենք վնաս են տվել իմ ազգին»,- Tert.am-ին ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչ վնասի մասին է խոսքը , ընդդիմադիր քաղաքական գործիչն անդրադարձավ ժողովրդի ծանր վիճակին։


«Այսօր մեր հասարակության 95-96 -97 տոկոսը բաղկացած է աղքատ մարդկանցից: Եվ վերջին չորս տարում նրանց հետ հանրապետականներին հաջողվեց անել այն, ինչ ոչ մի թուրքի չէր հաջողվել: Կրկնում եմ՝ ժողովուրդը ծայրագույն աղքատության շեմին է, իսկ մոտ կես միլիոնը այդ շեմն անցել են ու գտնվում են աղքատության կենտրոնում»,- ասաց ՀԱԿ անդամը և ավելացերց, որ նախկին շեն համայնքները՝ դատարկված ու գործազուրկ են, թոշակները՝ խղճուկ, արտագաղթ և այլն:


«Միասին, ի լուր աշխարհի, հանրապետականների հետ միասին խոստացան, որ թոշակները երկու անգամ կբարձրացնեն: Ինչ՞ արեցին. թոշակները 2000 դրամով բարձրացրեցին, բայց 5 տոկոսով լայն սպառման ապրանքները թանկացրեցին»,– ասաց նա:


Այնպես, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչն ՕԵԿ-ին խորհուրդ է տալիս մտածել վերը թվարկվածի մասին , իսկ որ ավելի լավ է՝ «լռեն ու ծպտուն չհանեն»: