Դանիլ Խաչատուրովը ռուսաստանաբնակ ամենահարուստ հայն է (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ 200 գործարարների վարկանշային աղյուսակը, որտեղ ընդգրկված է ռուսաստանաբնակ 5 հայ գործարար:
Ռուսաստանաբնակ ամենահարուստ հայը վարկանշային աղյուսակի 45-րդ հորիզոնականը զբաղեցնող Դանիլ Խաչատուրովն է: «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր ու գլխավոր գործադիր տնօրենի կարողությունը 2011թ.-ի համեմատ աճել է 500 մլն-ով` կազմելով 2.0 մլրդ ԱՄՆ դոլար:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 1.6 մլրդ դոլար կարողությամբ ցանկի 63-րդ հորիզոնականում է: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 200 մլն դոլարով:
![]()
1.2-ական մլրդ դոլար կարողությամբ ցանկի 82-րդ և 83-րդ հորիզոնականներում են հայտնվել Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը 1 տարում նվազել է 300 մլն դոլարով:

Վարկանշային աղյուսակի 180-րդ տեղում է «Տրոյկա-Դիալոգ» ընկերության խորհրդի տնօրեն Ռուբեն Վարդանյանը: Նրա կարողությունը 2011թ.-ի համեմատ մնացել է նույնը` 500 մլն դոլար:

18.1 մլրդ դոլար կարողությամբ ՌԴ ամենահարուստ 200 գործարարների ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել «Մետալոինվեստ» ընկերության հիմնադիր, «Գազպրոմինվեստհոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, Facebook-ի խոշոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովը, ով առաջ է անցել 2 տարի անընդմեջ վարկանշային աղյուսակը գլխավորած գործարար Վլադիմիր Լիսինից: Վերջինի կարողությունը գնահատվում է 15.9 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է «Սեվերստալ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը` 15.3 մլրդ դոլար կարողությամբ:
Ցանկում ընդգրկվել է ՌԴ 8 մարզպետ, Պետդումայի 9 պատգամավոր: Իսկ միակ մեծահարուստ կինը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինն է` Ելենա Բատուրինան` իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ:
Հարուստների միջին տարիքը 50 տարեկանն է: Ամենաերիտասարդ գործարարը 16-ամյա Դենի Բաժաևն է` 750 մլն դոլար կարողությամբ, իսկ ամենատարեցը` 79-ամյա Վլադիսլավ Տետյուխինը` 650 մլն դոլար կարողությամբ:









