Ճապոնիան կարող է դուրս մնալ հարուստ երկրների ցանկից
Ճապոնիան կարող է մինչև 2050 թվականը դադարել հարուստ երկիր համարվել, հայտնում է Century Public Policy փորձագիտական կազմակերպությունը: Նման չհուսադրող կանխատեսումը կապված է երկրում աշխատուժի կրճատման հետ, որն էլ պայմանավորված է ծնելիության ծայրահեղ ցածր ցուցանիշերով:
France Presse-ի համաձայն` անկման այլ պատճառներ են նաև խնայողությունների նվազումն ու ներդրումների ծավալների կրճատումը:
2014թ.-ին աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրների վարկանշային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «ծագող արևի երկիրն» իր տեղը կզիջի Հնդկաստանին: Առավել ողբերգական սցենարի համաձայն` Ճապոնիայի համախառն ներքին արդյունքը կսկսի կայուն կրճատվել ֆիսկալ ցուցանիշերի վատթարացման հետևանքով: Արդյունքում` պետությունը կլքի աշխարհի լավագույն տնտեսությունն ունեցող երկրների տասնյակը:
Հիշեցնենք, որ այսօր Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց` 2011թ.-ին գրանցվել է առևտրային ռեկորդային պակասուրդ` 4.41 տրլն իեն (54.2 մլրդ դոլար): Պատճառը, ըստ ճապոնական կառավարության, համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, ինչպես նաև 2011թ.-ի մարտին տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին:
Ատոմային էլեկտրակայաններից հրաժարվելու հետևանքով, երկիրը ստիպված զգալիորեն ավելացրեց նավթի ու գազի գնման ծավալները:
Տարերային աղետները բացասաբար են ազդել արդյունաբերության վրա: Ֆինանսական տարում, որն ավարտվել է այս տարվա մարտի 31-ին, արտահանումը նվազել է 3.7%, իսկ ներկրումն ավելացել 11.6%-ով:









