Շվեյցարիան սահմանափակում է Արևելյան Եվրոպայից ներգաղթողների հոսքը
Շվեյցարիայի կառավարությունն այսօր օրենք է ընդունել, որով արգելում է արևելաեվրոպական երկրներից ներգաղթյալների հոսքը, գրում է ավստրիական ОО Nachrichten-ը:
Խոսքը 2004թ.-ին Եվրամիության կազմում ընդգրկված Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի ու Էստոնիայի քաղաքացիների մասին է: Սահմանափակումները կգործեն մեկ տարվա ընթացքում:
Մասնավորապես` շվեյցարական կողմի պնդմամբ` վերջին տարում այս երկրներից այցելուներին տրված բնակության թույլտվությունների թիվը 10 %-ով գերազանցել է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշը, իսկ այդ պայմաններում օրենքը թույլ է տալիս կարգավորել ներգաղթյալների հոսքը:
Շվեյցարական իշխանությունների որոշումն արդեն քննադատել են Բրյուսելում (ԵՄ նստավայրը): Մասնավորապես` Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Շվեյցարիան խախտում է քաղաքացիների տեղաշարժի մասին օրենքները:









