Մինսկին անհանգստացնում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվությունը

13:32 • 19.04.12

Բելառուսին անհանգստացնում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը: Այս մասին Բելառուսի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը` հավելելով, որ այժմ երկիրը ստիպված է առավել մեծ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին:

 

«Աշխարհում ու տարածաշրջանում դեպքերն այնպես են զարգանում, որ անվտանգության հարցերին ստիպված ենք մեծ ուշադրություն դարձնել»,- ասել է Ժադոբինը:

 

Նրա խոսքով` վերջին ժամանակներում Բելառուսի ու Ռուսաստանի պատասխանատվության տակ գտնվող շրջանում հայտնվել է 10 ռազմական օդանավակայան, 4 նավահանգիստ` նախատեսված ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման համար: Լեհաստանի տարածքում մոտ ապագայում կբազավորվի ԱՄՆ ավիացիան, իսկ հակահրթիռային պաշտպանության համակարգը կտեղակայվի բելառուսական սահմանի մոտակայքում: Այդ կապակցությամբ, ըստ նախարարի, Բելառուսը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդմամբ ու ընդլայնմամբ:

 

Նա նշել է, որ կողմերը պարբերաբար անցկացնում են համատեղ զորավարժություններ, մասնավորապես` այս օրերին անցկացվում են ռուս-բելառուսական վարժանքներ: Սեպտեմբերին Բելառուսում կանցկացվի ռազմավարական նշանակության «Արևմուտք-2012» զորավարժությունը, որին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերը: