Կրասնոդարում հայաստանցի նախկին բանտարկյալի մոտ 212 հատ կեղծ թղթադրամ է հայտնաբերվել

13:16 • 19.04.12

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության` նախկինում դատապարտված մի քաղաքացի (անունը չի նշվում), ում մոտ հայտնաբերվել է 212 հատ կեղծ «հազարանոց» թղթադրամ:

 

ՌԴ Ներքին գործերի նախարարության Կրասնոդարի երկրամասի վարչության տվյալներով` հայն ու նրա ռուս «գործընկերը» խանութներից մեկից փորձել են գնումներ կատարել կեղծ թղթադրամներով: Երբ նրանք մեկ տուփ ծխախոտի ու մեկ շիշ գարեջրի համար վաճառողուհուն են մեկնել կեղծ հազարանոցը, նա կասկածել է և իսկույն զանգահարել տեղամասային ոստիկանին:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանը, հանցագործների մասին տեղեկություններ պարզելուց հետո, սկսել է փնտրել նրանց ու հայտնաբերել հարևան խանութում, որտեղ նրանք նույնպես փորձել են վճարել կեղծ թղթադրամներով:

 

Ոստիկանը սպասել է մինչ նրանք դուրս գան խանութից ու ձերբակալել նրանց:  Վերջիններս խոստովանել են, որ կեղծ թղթադրամները ձեռք են բերել Մոսկվայում: