Այս օրերին Ոստիկանությունը քարոզարշավի հետ կապված տարբեր բողոքներ է ստանում

11:01 • 19.04.12

Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի նախագահի տեղակալ Սոկրատ Մկրտչյանը ՀՀ ոստիկանությանը հաղորդում է փոխանցել այն մասին, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի կողմից ծրարներով բաժանվել են քարոզչական նյութեր, որոնք պարունակում են զրպարտչական տեղեկություններ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբից տեղեկանում ենք, որ այս առթիվ կստարվում է հետաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

 

Նշենք, որ Ոստիկանության Շենգավիթի բաժինը մերժել է «Ժողովուրդ» օրաթերթում և Panorama.am կայքում զետեղված նյութերի հիման վրա («100 հոգի մի տանը», «Ա.Բախշյանն ահազանգում է, ՀՀԿ-ն 8.000, իսկ ԲՀԿ-ն 13.000 է բաժանում») քրեական գործի հարուցումը ` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ ոստիկանության Մասիսի և Իջևանի բաժիններն էլ նմանատիպ որոշումներ են կայացրել համապատասխանաբար՝ «Հրապարակ» օրաթերթի 03.04.2012 թ. համարում տպագրված «ՀՀԿ-ն ընտրողներին խոստացել է 10.000 դրամ ընտրակաշառք» հոդվածի և Տավուշի մարզի «Տեսանկյուն» լրատվական կայքում տեղադրված «Ձայների «պլան» կա» նյութի վերաբարյալ: Վերջինի հոդվածագիրն անձամբ ականատես է եղել, թե ինչպես ինքնությունը չպարզված անձը զանգահարել է Տավուշի մարզում բնակվող իր հորը և ասել, որ իր աշխատավայրում 15 ձայն են ուզել ՀՀԿ–ի օգտին, այլապես սպառնացել են ազատել աշխատանքից:

 

Ոստիկանության Տաշիրի բաժինը մերժել է թիվ 32 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը: Հիշեցնենք, որ նա նշել էր, թե իր գովազդային պաստառը գովազդային վահանակի վրա փակցնելու ժամանակ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը սպառնալիքներ է տեղացել:

Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, Մալաթիայի, Շենգավիթի բաժիններում, ինչպես նաև Ոստիկանության Հրազդանի, Կոտայքի վարչություններում նյութեր են նախապատրաստվում «Հայկական ժամանակ» օրաթերթի 04.04.2012 թ. համարում տպագրված «ՀԱԿ անդամ Գ.Եղիազարյանը հայտնել է, որ թիվ 27 ընտրատարածքում իշխանական թեկնածուները 25.000-ական դրամ ընտրակաշառք են բաժանում» հոդվածի, ինչպես նաև մի շարք քաղաքացիների հաղորդումների հիման վրա:


ՀԱԿ համամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Կարեն Թովմասյանն էլ դիմում է ներկայացրել, որ Սեբաստիայի փողոցի, 22 շենքի մոտ Ալիսա Սարգսյանը, Հովհաննես Գալստյանը, Խաչատուր Գալստյանը և Օվսաննա Կուպչյանը Ն.Փաշինյանից խլել են նրա մոտ գտնվող քարոզչական նամակները:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը ահազանգել են ոստիկանություն, որ Սվաճյան փողոցի 34 և 36 շենքերի, Անդրանիկի փողոցի 6 շենքի բակերում Հարություն Վարդումյանը («Համալիր» մարզադպրոցի տնօրեն) խոչընդոտել է Նիկոլ Փաշինյանի քարոզչական նամակների բաժանմանը:


Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որոնք վերաբերում են ԱԺ պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանի այն հաղորդմանը (18.04.2012 թ), որ անհայտ անձինք պոկել են իր նախընտրական պաստառները:
Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանը և Աղբյուրակ թաղամասի բնակիչ ոմն Մնոն խոչընդոտել են ԲՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Քոչարյանի դիմանկարը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 30 շենքի հարևանությամբ գտնվող Ս. Սաղաթելյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութի պատին փակցնելուն: Ընդորում, Ոստիկանության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ նրանք ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանի համախոհներն են:


Միակ քրեական գործը հարուցված է ՀԱԿ համակիր, թիվ մեկ ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա: Հիշեցնենք, որ Գայանե Առուստամյանը հաղորդել էր, որ ապրիլի 15–ին Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհատ անձինք ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին: Գործը հարուցված է ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը: