ՆԱՏՕ-ն Սիրիայի հարցին չի խառնվի. Ռասմուսեն

02:15 • 19.04.12

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում խառնվել Սիրիայում ստեղծված իրավիճակին, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների մակարդակով աշխատանքային խորհրդաժողովի շրջանակներում:

«Մենք քննադատում ենք քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումները, և Սիրիայի իրադրությունը մեզ լուրջորեն անհանգստացնում է, սակայն մենք դրան խառնվելու մտադրություն չունենք», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող է դիմել դաշինքին՝ իր սահմանները Սիրիայի ագրեսիայից պաշտպանելու խնդրանքով:

Ռասմուսենը նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրավունք ունի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացման խնդրանքով դիմել դաշինքին, եթե իր անվտանգությանն ուղղված սպառնալիք է տեսնում:

«Մենք պատրաստ ենք դաշինքի անդամ երկրից նման խնդրանքի դեպքում հարցը ներկայացնել խորհրդի քննարկման: Մինչ այժմ Թուրքիայից որևէ նման դիմում դաշինքը չի ստացվել »,- ընդգծել է Ռասմուսենը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ակնարկել էր, որ Անկարան կարող է դիմել ՆԱՏՕ-ին` Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացման խնդրանքով, որը ենթադրում է դաշինքի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմի ակտիվացում, եթե Սիրիան կրկին խախտի իր սահմանները: