Իտալիայի Սկաֆատիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

17:40 • 19.04.12

Իտալիայի Սկաֆատիի քաղաքային խորհուրդը /ջունտան/ ապրիլի 17-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով հայ ժողովրդին», այս մասին տեղեկացնում է ԱԳՆ–ն:


Ավելի վաղ ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաև մասնակցեց քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկել է Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:


Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտել է, որ «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում և հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչև մայիսի 31-ը ճանաչելու և հաղորդակցվելու հայկական ժամանակակից արվեստի հետ:


Իր հերթին Սկաֆատիի քաղաքապետը նշեց, որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես»` հավելելով, որ «իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն և պատիվ է հայկական մշակույթին նվիրված նման միջոցառման իրականացումը»:


Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից /ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա/ հայազգի 16 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: