Եգիպտոսի գերագույն մուֆթիի այցը Երուսաղեմ սկանդալ է առաջացրել
Եգիպտոսում քաղաքական սկանդալ է հասունացել: Պատճառը երկրի գերագույն մուֆթի Ալի Ղումաայի` Երուսաղեմ այցն է, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Այցն առաջացրել է իսլամական շարժումների ներկայացուցիչների դժգոհությունը, իսկ սալաֆիթները նույնիսկ պահանջում են մուֆթիի հրաժարականը:
Twitter-ի իր էջում Ալի Ղումաան գրել է, որ նա առաջին անգամ էր այցելում Երուսաղեմ, մանրամասնելով, որ այնտեղ է հասել Հաշիմիթյան թագավորության տարածքով Հորդանան գետի Արևմտյան ափով: Նա այցելել է Ալ Աքսա` Մեքքայից ու Մեդինայից հետո երրորդ իսլամական սրբավայրը:
Լուրը տարածվելուց անմիջապես հետո, սալաֆիթներն իսկույն պահանջել են մուֆթիի հրաժարականը:
«Այս այցը դրոշմ է Ալ Ազհարի ճակատին (Ալ Ազհարը իսլամական խոշորագույն համալսարաններից մեկն է, որը համարվում է Եգիպտոսի ամենահեղինակավոր աստվածաբանական հաստատությունը)»,- հայտնել է սալաֆիթների ներկայացուցիչը:
Մուֆթիի օգտին արդեն հանդես է եկել Ալ Ազհարի շեյխ Ահմեդ աթ-Թեյիբը: Նրա խոսքով` շարիաթը չի արգելում Երուսաղեմ այցերը:
«Նա եղել է այնտեղ մասնավոր այցի շրջանակներում, և քանի որ դա արվել է անձնական շահերի նպատակով, ապա Ալ Ազհարը որևէ պատճառ չի տեսնում արգելելու»,- ասել է նա:
Գերագույն մուֆթիի հասարակայնության հետ կապերի խորհրդատուն պարզաբանել է, որ Ալի Ղումաան Երուսաղեմ է այցելել Հորդանանի Թագավորության գրասենյակի պատվիրակության կազմում, որն իրավունք ունի առանց այցագրի այցելել Արևմտյան ափ: Նա նաև հավելել է, որ Ղումաայի այցը Երուսաղեմ չի նշանակում «սիոնիստական պետության ճանաչում»:









