Պետք չէ սեփական անհաջողությունների պատճառ դարձնել իշխանություններին. Շարմազանով

16:02 • 19.04.12

Սպասվող ընտրակեղծիքների և դրանց հետ կապված հանրահավաքների մասին հայտարարություններով ընդդիմությունը փորձում է միտումնավոր կերպով ստվերել ընտրությունների ընթացքը և արդյունքները, այս մասին Tert.am–ի հետ զրույցում նման գնահատական տվեց իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով, որպեսզի ընդդիմությունն «իր սեփական անհաջողությունների պատճառ չդարձնի իշխանություններին»:


«Սա նախընտրական նոր տեխնոլոգիա չէ, և իմ կարծիքը հետևյալն է. ընտրական այս 15-օրյա կոմպանիայի ընթացքում ՀԱԿ-ի մեր գործընկերները, տեսնելով, որ իրենց վարկանիշը իջել է և մայիսի 6-ին իրենց սպասում է կատարյալ ֆիասկո,արդեն գնում են այդ արդյունքները վարկաբեկելու ճանապարհով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանի այսօրվա հայտարարությանը , թե իրենք «թիթեռնիկներ չեն և չեն հավատում արդար ընտրություններին»,։
Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանը նաև ասել էր, թե մայիսի 8-ից 20-ն ընկած ժամանակահատվածի համար հանրահավաքների հայտեր են ներկայացրել:


«Փաստն այն է, որ Հանրապետական կուսակցությունը Արամ Մանուկյանի հավատի կարիքը չունի։, Հանրապետականը և իշխանությունը կարիք ունեն ժողովրդի հավատի, և ես համոզված եմ, և դա են վկայում մեր բաց, հրապարակային և թափանցիկ հանդիպումները, որ հասարակությունը կհավատա ՀՀԿ-ին և հավատով կգնա փոփոխությունների»,– ասաց Էդուարդ Շարմազանովը։


«Եվ մայիսի 6-ից՝ ԱԺ ընտրություններից հետո, բոլորը կտեսնեն, որ ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք կմատնվեն ֆիասկոյի, ժողովուրդը ևս մեկ անգամ կվստահի Հանրապետականին: Եվ մենք կշարունակենք բարեփոխումները, որոնց ընթացքում էլ տեղի կունենան նախագահական ընտրությունները, և մեր թեկնածուն կատարյալ հաջողության կհասնի»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: