«Ժառանգություն»-ը նպատակ ունի կերտելու նոր Հայաստան. Ստեփան Սաֆարյան

17:44 • 19.04.12

«Ժառանգություն» կուսակցությունը նպատակ ունի կերտել նոր Հայաստան, ուր կենտրոնական տեղում կլինի մարդն ու նրա իրավունքները, այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ով եկել էր ներկայացնելու կուսակցության «Նոր Հայաստան» անունը կրող նախընտրական ծրագիրը:

«Քաղաքացուն ծառայող պետության մասին ենք խոսում. ծրագիրը կառուցված է այնպես, որ ոչ թե մարդն է պետության համար, այլ պետությունն է մարդու համար»,- ասաց Սաֆարյանը:

Մարդակենտրոն «Նոր Հայաստանը», ըստ Ստեփան Սաֆարյանի, պետք է կառուցված լինի երեք հիմնասյուների վրա. «Քաղաքացու իրավունք, պետության ինքնիշխանություն և ազգային շահ: Սրանց վրա պետք է կառուցված լինի մեր Հայաստանը, որի իրականացման համար կենտրոնում պետք է լինի մարդը»,- մանրամասնեց «Ժառանգության» պատգամավորը:

Ս. Սաֆարյանը նշեց, որ ծրագիրը բաղկացած է երկու մասերից: Առաջին մասում կուսակցությունը տալիս 21-ամյա անկախ Հայաստանի գնահատականը: Բանախոսի դիտարկմամբ,այդ տարիների ձախողումները օբյեկտիվ պատճառներով չէ, որ եղել են:

Ի դեպ, «Ժառանգության» ծրագրում նաև նշված է. «Մեր անիրավ վիճակի կամ քաղաքացու դժվար ապրուստի հիմնական մեղավորը հարևաների հետ հարաբերությունների կարգավորված չլինելը չէ, ինչպես ակնարկում են»:

Սաֆարյանի ներկայացմամբ, ծրագրում տրվում է «Նոր Հայաստանի» «տեսլականը» և առաջարկվում անցյալում թույլ տված սխալներն ուղղելու տարբերակներ: «Ժառանգությունը» ներկայացրել է գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող լուծումներ:

Ստեփան Սաֆարյանը նաև ընդգծեց, որ նույն գաղափարներն ունի նաև իրենց գործընկեր «Ազատ դեմոկրատները», և որ երկու կուսակցությունները՝ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները», ամենևին էլ գաղափարապես ծայրահեղ չեն, ինչպես ասվում է:

«Երկու կուսակցություններն էլ աջ կենտրոնամետ տիրույթում են, որտեղ մերժվում է կոլեկտիվիզմը և ծայրահեղ ինդիվիդուալիզմը»,- ասաց «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: