Խորհրդարանական կառավարման մոդելը շրջադարձային փոփոխության կբերի. «Ժառանգություն»

17:37 • 19.04.12


«Ժառանգություն» կուսակցությունը իր «Նոր Հայաստան» անունը կրող նախընտրական ծրագրով երկրում լուրջ առաջընթացների հնարավորությունը տեսնում է միայն կառավարման համակարգի կառուցվածքի արմատական փոփոխությամբ:


«Կառավարման համակարգի առումով պետք է խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարվի, այսինքն` նախագահի լիազորությունների թուլացում, երկիրը նախագահակենտրոն վիճակից դուրս բերում»,- այսօր այս մասին կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանը նվիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Նա նշեց, որ թեև ապրիլի 9-ին` կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկին ներկայացվել է ծրագրի սեղմ տարբերակը, որից հետո ամբողջական ծրագիրը տեղադրվել է նաև կուսակցության կայքում, սակայն հարկ են համարել նաև այն ասուլիսով ներկայացնել հանրությանը:


Շարունակելով արմատական փոփոխությունների թեման` Ստեփան Սաֆարյանն ասաց, որ դրանք անհրաժեշտ է կատարել նաև դատական համակարգում, որպեսզի «դատարաները իրականացնեն ոչ թե նախագահի արդարադատությունը, այլ սահմանադրության արդարադատությունը»:

«Համակագափոխությունն է, որ բերելու է շրջադարձային փոփոխության և թույլ է տալու ժողովրդավարության զարգացմանը»,-ավելացրեց Սաֆարյանը: