«Տառապանքատարփ» հայ հասարակությունը՝ սերիալներում և իրականության մեջ
«Հասարակությունը, որը բռնաբարվում է ամեն օր, և՜ բառիս բուն իմաստով, և թե՝ տնտեսապես, քաղաքականապես ու սերիալների միջոցով, զոհն է դրա (սերիալների -խմբ.)»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց հայտնի կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը:
Կինոռեժիսորի մեկնաբանությունը, տվյալ դեպքում, ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառմանն է վերաբերում, որն, ինչպես հաղորդում է blognews.com կայքը, իր անձնական էջում գրել է.«Հայկական սերիալների սցենարիստները տառապանքածին են, տառապանքամոլ, տառապանքանուն, տառապանքամերձ, տառապանքատարփ, տառապանքակենտրոն: Տառապանքն է նրանց կտղուցքը (օրգազմ – խմբ.)»:
Նշենք, որ սույն հաղորդագրությունը ավելի ուշ հեռացված էր:
Ամեն դեպքում,հայկական սերիալների մասին հարցը՝ Տիգրան Խզմալյանին խորհրդանշական է թվում և նա զուգահեռ անցկացրեց Մաշտոցի այգում ստեղծված իրավիճակի հետ:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլի տեղեկացմամբ՝ Մաշտոցի պուրակում տեղադրված է տեսախցիկ, և ակտիվիստների հարցին ի պատասխան, թե՝ այն ինչո՞ւ է տեղադրվել, բարձրաստիճան ոստիկաններից մեկն ասել է՝ տեղադրված է քաղաքապետարանի կողմից:
Տեսախցիկի տեղադրումը մեկնաբանվում է և՛ որպես հոգեբանական ճնշում, և՛ որպես բնապահպանական ակտիվիստների դեմ նյութեր հավաքելու միջոց՝ հետագայում ակտիվիստների և, հատկապես, ապամոնտաժելու փորձ անողների վրա գործ հարուցելու նպատակով:
«Այգում կրպակների ապամոնտաժումը հե՛նց «Ապամոնտաժում» կոչվող սերիալ է, և եթե ապամոնտաժումը մեկ անգամից չստացվի, ապա կստացվի երկրորդ-երրորդ անգամից»:
Ի դեպ, այս բնորոշումը (ապամոնտաժումն էլ սերիալ է-խմբ. ) միայն Տիգրան Խզմալյանի «հեղինակային իրավունքը» չէ, քանի որ նա Youtube –ում տեսել է, որ Ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը ևս հայտարարել է, որ այս ամենը Տիգրան Խզմալյանի մտահղացումն է. «Սերիալ է նկարահանում, և եթե նա ռեժիսոր լիներ, կարգին բան կնկարահաներ»:
Այս կապակցությամբ կինոռեժիսոր Խզմալյանը միայն մեկ ասելիք ունի.«Եթե նրանք կարծում են, որ այս ամենը մեկ մարդու մտահղացումն է, ուրեմն՝ նրանց երևակայությունը շատ ավելի ողորմելի է,քան ես կարծում եմ, որովհետև իրենք շփոթում են հասարակության դիրքորոշումը մեկ մարդու գործողությունների հետ»:
Տեսախցիկի առկայությանը Տիգրան Խզմալյանը նորմալ է վերաբերվում, քանի որ վստահ է, որ իրենց այսպես, թե այնպես նկարահանում են:
«Մենք ոչ մի գաղտնի ու հակօրինական բան չենք անում և եթե մենք իրենց ենք նկարահանում, իրենք էլ պետք է բաց և թափանցիկ լինեն»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Հետևաբար, ապամոնտաժող բրիգադի անդամների և Մաշտոցի պուրակի ակտիվիստների անունից Խզմալյանը հայտնեց, որ որևէ քայլեր չեն ձեռնարկելու տեսախցիկը հանել տալու ուղղությամբ:
Նշենք, որ այսօր Ոստիկանության աշխատակիցներն այցելել են Տիգրան Խզմալյանի բնակարան, ինչի մասին դրսում գտնվող Խզմալյանը տեղեկացել է հարևաններից: Վերջիններիս միջոցով էլ ոստիկաններին փոխանցվել է Խզմալյանի հեռախոսահամարը՝ տեղեկացմամբ, որ այդ հեռախոսահամարով՝ ցանկության դեպքում՝ կարող են գտնել ռեժիսորին:










