Մեկնարկել են հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնակատարությունները
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012» և հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը տրված է:
Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի տեղեկացմամբ, ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Տերյան 72 հասցեում` Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում, կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, գրողներ: Նրանք հանդիպում կունենան Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Ինգրիդ Փարենթի հետ:
Ապա տեղի կունենա «Գուտենբերգից մինչև թվային դարաշրջան. Անավարտ պատմություն գրադարանների համար» թեմայով քննարկում: Նույն օրը հյուրերը և այցելուները կդիտեն հոբելյանի առթիվ Ազգային գրադարանի ցուցասրահում բացված տարբեր երկրների հնատիպ ու վաղ շրջանի գրքերի ցուցահանդեսը:
Կկազմակերպվի նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն, որի ընթացքում տեղի կունենա նվիրատվության արարողություն. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի ղեկավար Դեյվիդ Մաուն Հայաստանի ազգային գրադարանին կհանձնի Կոնգրեսի գրադարանի հրատարակություններ:
Այնուհետ, ապրիլի 22-ին, առավոտից, ՀԱԳ շրջիկ գրադարանը (Բիբլիոբուս) կներկայացնի ՀՀ մարզերին նվիրված գրքերի ցուցադրություն, տեղի կունենա նաև «Նվիրիր գիրք» ակցիան:
Իսկ հաջորդ օրը` ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի պատասխանատու պարոն Դեյվիդ Մաուն Ազգային գրադարանում հանդես կգա «Կոնգրեսի գրադարանը» թեմայով դասախոսությամբ:










