«Զվարթնոց» արգելոց–թանգարանը գիշերային գեղարվեստական լուսավորություն է ստացել

11:38 • 19.04.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ երեկ այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել թանգարանը համալրած նյութերին և համալիրում տեղադրված նոր գիշերային գեղարվեստական լուսավորության և հնչեղության համակարգերին:

 

Ըստ կառավարության հաղորդագրության՝ իրականացված պեղումների արդյունքում թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի:

Թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ:

Երեք ցուցասրահներում կազմակերպված մշտական ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական և ճարտարապետական բաժիններից, որտեղ ներկայացվում են VII–XIII դդ. հայ պատմիչների արժեքավոր վկայությունները «Զվարթնոց» տաճարի մասին:

 

Թանգարանի համալրման աշխատանքների նպատակով ծախսվել է 18 մլն դրամ, որից 2.5 մլն-ը ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ Պատմամշակությաին արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից:

 

Գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 մլն դրամ, որից 10 մլն-ը հատկացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` որպես նվիրատվություն, իսկ 1.8 մլնը կրկին հատկացրել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը: