Moody’s-ը բարձրացրել է Ադրբեջանի վարկանիշը

08:44 • 20.04.12

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը մեկ աստիճանով բարձրացրել է Ադրբեջանի սուվերեն վարկային վարկանիշը` «Ba1»-ից դարձնելով «Baa3», ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Փաստացի, սա նշանակում է, որ երկրի պետական պարտատոմսերը ձեռք են բերել ներդրումային կարգավիճակ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի վարկային հեռանկարը գնահատվել է որպես «կայուն»:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի իշխանություններն արդյունավետ են օգտագործել նավթի գների աճը` «օտարերկրյա զգալի ներդրումներ» ներգրավելու նպատակով, որոնք կօգնեն հետագայում կանխել էներգակիրների պահանջարկի անկման դեպքում ի հայտ եկած բացասական հետևանքները:

 

«Նավթի հետ կապ չունեցող արդյունաբերության նոր ճյուղերի զարգացմանն ուղղված պետության ծախսերը նախորդ տարի թույլ են տվել մեծացնել արտադրության մակարդակը 9.4%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ: Գործակալությունը հիշեցրել է, որ 2010թ.-ին արտադրական աճը կազմել է 7.9%:


Դեկտեմբերին մեկ այլ հեղինակավոր վարկանշային գործակալություն` Standard & Poor's-ն Ադրբեջանի կարգավիճակը նույնպես բարձրացրել էր մեկ մակարդակով` հասցնելով «BBB»-ի: