ԿԸՀ-ն քննարկել է քաղաքական ուժերի մուծումները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է 06.05.2012թ. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքները` 01.04.2012թ-17.04.2012թ. ժամանակահատվածի համար: Այս մասին հաղորդում են ԿԸՀ մամլո ծառայությունից:
Նիստի ընթացքում ներկայացվել է նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների, ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար ծախսված գումարի (շուկայական արժեքով) ընդհանուր չափի, այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամներից կատարված ծախսերի փաստացի չափի, հիմնադրամների միջոցներից կատարված` հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամների միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափի, հիմնադրամներում մնացած միջոցների, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների ձեռք բերման հետ կապված, դեռ չվճարված, դրամական պարտավորությունների չափի մասին տեղեկատվություն:









