Ճապոնիան ԱՄՆ-ին մոտ 3 մլրդ դոլար կվճարի` Օկինավայից բազան դուրս բերելու համար
Ճապոնիան համաձայնել է Միացյալ Նահանգներին վճարել 2.8 մլրդ դոլար, որպեսզի Վաշինգտոնը շատ կարճ ժամկետում իր ռազմաբազան ճապոնական Օկինավա կղզուց տեղափոխի ամերիկյան Գուամ, այսօր հայտնել են ճապոնական ռազմական գերատեսչությունից:
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության` համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տոկիոյում անցկացված 2 երկրների պաշտպանական ու արտաքին գերատեսչությունների մակարդակով երկկողմ բանակցությունների արդյունքում:
Այս հանդիպումը վերջին քայլն է նոր ծրագրի կազմման գործում, որին կողմերը կհետևեն ամերիկյան ռազմական կոնտինգենտի` հարավային ճապոնական պրեֆեկտուրայից տեղափոխման գործում: Փաստաթղթի վերջնական տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի` ԱՄՆ այցի նախաշեմին:
Գումարը կուղղվի Գուամ կղզում բազայի կառուցմանը: Վերջին ամիսներին ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի ճմշման տակ է հայտնվել` բյուջեի զգալի կրճատման արդյունքում: Այդ պատճառով, ԱՄՆ-ն խնդրել էր Ճապոնիային տրամադրել 4.1 մլրդ դոլար, սակայն ճապոնական կողմն այս գինը շատ բարձր էր համարել և համաձայնել է հատկացնել 2.8 մլրդ դոլար:
Ըստ 2006թ.-ի երկկողմ համաձայնագրի` Օկինավայից Գուամ պետք է տեղափոխվեր 8 հազ ամերիկացի զինվոր և ևս 9 հազ մարդ` նրանց ընտանիքի անդամները: Սակայն նոր փաստաթղթի համաձայն` կտեղափոխվի միայն 4 հազ զինվոր, իսկ մնացյալին ամերիկյան կառավարությունը խոստացել է տեղափոխել այլ վայր:









