Տուբերկուլյոզով հիվանդ ուսանողը սովորում է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում
Տուբերկուլյոզով հիվանդը Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, սակայն վերջինս տեղափոխվել է Աբովյանի տուբդիսպանսեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է հիվանդ ուսանողը, և ինչո՞ւ են դասերը խաթարվել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում:
«Անունը չեմ կարող ասել, սակայն հիվանդը աղջիկ է, սովորում է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում, 2-րդ կուրսի ուսանող է, իսկ մյուս ուսանողները, որ վախենում էին շենք մտնելուց, այսօր մտել են և իրենց դասերին են անցել: Բանն այն է, որ նրանք մտածում էին, թե վարակ է մնացել շենքում, սակայն տուբերկուլյոզով և՛ շատ դժվարությամբ են վարակվում, և՛ շատ դժվարությամբ են բուժվում, դա գրիպ չէ, որ բոլորը միասին վարակվեն»,-ասաց Կարեն Գրիգորյանը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը նշեց նաև, որ ֆակուլտետի ուսանողներին իրենց ցանկությամբ կտրամադրվի հետազոտություն անցնելու հնարավորություն, որպեսզի վերանան բոլոր կասկածները:
Հարցին, թե ճիշտ են պտտվող խոսակցություններն այն մասին, թե երկու ուսանող և մեկ դասախոս են հոսպիտալացվել, Կարեն Գրիգորյանը հերքեց. «Ոչ, նման բան գոյություն չունի, միայն մեկ ուսանող է հոսպիտալացվել, իսկ նրա հետ սովորող ամբողջ խումբն անցել է ստուգում, և ոչինչ չի հայտնաբերվել»,-ասաց Կարեն Գրիգորյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից էլ Tert.am-ին տեղեկացրին, որ արդեն իսկ հիվանդ ուսանողի բուժումը սկսվել է, և վերջինիս առողջական վիճակը բարելավվում է:









