Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե» երիտասարդական հավաքը. (լուսանկարներ)
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությունը: Տարին հոբելյանական է և նշվում է «Բազե»-ի տասնամյակը:
Այս առիթով այսօր Ծաղկաձորում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց «Բազե»-ի բոլոր մասնակիցներին տասնամյակի կապակցությամբ:
«Տասը տարիների ընթացքում այն գործունեությունը, որ մշտապես ծավալում է այս շարժումը գտնվել է պետության ուշադրության ներքո: Սա մի յուրահատուկ գործիք է, որը հնարավորություն է տալիս համախմբել մեր երիտասարդներին:
Շարժման շնորհին ծնվում են նոր, հետաքրքրիր նախաձեռնություններ: Այսօր երիտասարդությանը միտված քաղաքականություն իրականացնելիս ուշադրություն ենք դարձնում այն նախաձեռնություններին, որոնք ներկայացնում են հենց երիտասարդները: Իսկ դրա համար անհրաժեշտ է հարթակ, որտեղ նրանք կկարողանան համախմբվել»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով,թե հույս ունի, որ «Բազե» ճամբարից երիտասարդները կվերադառնան նոր լիքցքերով , ինչն էլ կհաղորդեն մեր պետությանը:
ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե «Բազեի» գաղափարը «երիտասարդության գաղափարն է՝ եռագույնի ներքո», ինչն էլ այս տաս տարիների ընթացքում կարողացել են կյանքի կոչել:
«Այս տասը տարիների ընթացքում չի կրկնվել նույն երիտասարդի մուտքը «Բազե» (նույն անձը երկու անգամ «Բազե» ճամբարում չի հանգստացել-Tert.am ): «Բազեն» դպրոց է, որի համար ամենակարևորը երիտասարդների համախմբումն է նաև մեր ազգային արժեքների շուրջ, որոնցով ցանկանում ենք դաստիարակել մեր երիտասարդներին և նրանց պատասխանատու դարձնել այդ արժեքները կրելու հարցում»,- ասաց Կարեն Ավագյանը:
Ըստ նրա՝ այս տարի ճամբարականները «Բազեում» կանցկացնեն յոթ օր՝ նախկին հինգի փոխարեն:
Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը և Տարոն Մարգարյանը շրջեցին «Բազեի» տարածքում, ՀՀ վարչապետը արյուն հանձնեց և հետաքրքրվեց, թե արդյո՞ք, բոլոր բազեականներն են արյուն հանձնում:
Նշենք, որ կամավոր սկզբունքով արյուն հանձնելը բազեական ավանդույթ է:
«Բազե» երիտասարդական համահայկական հավաքը կտևի օգոստոսի 13-ից մինչև 19-ը: Հավաքին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ջավախքից ու սփյուռքից ժամանած երիտասարդներ, որոնք կազմել են 42 ջոկատներ՝ յոթական մասնակիցներով:
Հավաքի ընթացքում 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային ամենատարբեր մրցույթներում և, իհարկե, հանդիպումներ կունենան պետական-քաղաքական ամենատարբեր գործիչների հետ:










