Հրապարակվել են Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների հետաքննության արդյունքները

17:59 • 13.08.12

Տասն անկախ փորձագետներից կազմված նորվեգական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Օսլոյի կառավարական թաղամասում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունը կարելի էր կանխել, եթե գոյություն ունեցող նախազգուշական միջոցառումները կիրառվեին առավել արդյունավետ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն` հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է այսօր, նորվեգական NRK հեռուստառադիոընկերության ուղիղ հեռարձակմամբ:

 

Բրեյվիկը մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 22-ին մայրաքաղաք Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրականացնելու և Ուտոյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ կրակահերթ բացելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 77 մարդ: Ապրիլի 16-ից հունիսի 22-ն Օսլոյի դատարանում անցկացվել է նրա գործով դատալսում: Հաղորդվում է, որ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին:


Հանձնաժողովի համաձայն` հանցագործին հնարավոր էր կանգնեցնել մինչ կառավարական թաղամասում պայթյունը: Փորձագետները նաև քննադատել են ոստիկանությանը` ցուցաբերած դանդաղաշարժության համար, որի պատճառով չհաջողվեց պաշտպանել Ուտոյա կղզում գտնվող երիտասարդներին:

 

Ըստ եզրակացության` Նորվեգիայի Անվտանգության ծառայությունը կարող էր դուրս գալ Բրեյվիկի հետքի վրա մինչ ահաբեկչությունները:

Անկախ հանձնաժողովը ստեղծվել է վարչապետ Ենս Սթոլթենբերգի կողմից, ահաբեկչություններից անմիջապես հետո: Նպատակն «առավել անվտանգ Նորվեգիայի» ստեղծմանը նպաստելն է, հայտնում է Agence France-Presse-ը: