Եգիպտոսի զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը փոխանցել են գործադիրին
Եգիպտոսի զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը փոխանցել են կառավարությանը
Եգիպտոսի բանակը, որը երկիրը ղեկավարում էր անցումային շրջանում, կատարել է իր պարտքը և փոխանցել է երկրի ղեկավարումը օրինական ընտրված իշխանությանը, ասվում է Եգիպտոսի Բարձրագույն ռազմական խորհրդի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Բարձրագույն ռազմական խորհուրդը կատարել է իր պարտքը Եգիպտոսի դիմաց, երկիրը դնելով անվտանգ զարգացման հունի վրա, և պետության ղեկավարումը փոխանցել է օրինական իշխանությանը, որին ընտրել է եգիպտական ժողովուրդը», - ասվում է հայտարարությունում։
Նախօրեին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հրամանագիր էր ստորագրել երկրի պաշտպանության նախարար Հուսեյն Թանթավիին և եգիպտական բանակի գլխավոր շտաբի պետ Սամի Անանին պաշտոնից հեռացնելու մասին: Երկու զինծառայողներն էլ նշանակվել են երկրի նախագահի խորհրդականներ:
Բացի այդ, Մուրսին չեղյալ էր համարել ռազմական խորհրդի կողմից ընդունված Սահմանադրական հռչակագրի գործողությունը, որը մինչ այժմ փոխարինում էր երկրի հիմնական օրենքին: Հռչակագրի համաձայն, օրենսդրական իշխանության ամբողջ լիազորությունները տրվում էին զինվորականներին:
«Մենք շահամոլ չենք,և չենք կառչում իշխանությունից կամ պետական պաշտոններից, այնպես ինչպես դա փորձում են ներկայացնել մեր ախոյանները, սակայն եկել է ժամանակը, երբ ծանր ճանապարհից հոգնած ասպետը պետք է հանգստանա», - բացատրել են եգիպտական զինվորականները:










