Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը

17:59 • 13.08.12

Մնջախաղի միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Ծաղկաձորում, բացվեց ծաղրածու, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Արձանի բացումը կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ քանդակի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը:


Քանդակագործն իր խոսքում նշեց, որ ցանկացած արվեստագետի հարկավոր է երկու բան. «Պատվեր և ազատություն, ինչը ես ունեի: Լեոնիդն այն կերպարներից է, որին քանդակելը ուղղակի հաճույք է»:

 

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լեոնիդ Ենգիբարյանն այն կերպարն է, որը սիրելի է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:


«Նա եզակի է մեր պատմության ու ժողովրդի համար, քանի որ Լեոնիդն իր ամբողջ կյանքի ընթացքում քարոզել է սեր, բարություն, լույս: Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք այդ ոգեղեն կանչի կարիքը, որն իր թռիչքով բերում է մեր Լեոնիդը»,- ասաց Ժ. Դադասյանը:


Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը նշեց, որ ծաղկաձորցիների համար մեծ պատիվ է իրենց քաղաքում կազմակերպել նման փառատոն և հյուրընկալել այսքան հյուրեր:


«Մնջախաղի միջազգային փառատոնը հնարավոր չէ պատկերացնել առանց մեր Լեոնիդի և նրա արվեստի: Արձանի բացումը մեր մեծագոյն տուրքն է՝ մեր մեծ դերասանին»,- ասաց Գարուն Միրզոյանը:


Միջոցառման ավարտին, Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը վարչապետին առաջարկեց Երևանի փողոցներից մեկը կոչել մեծ վարպետի անունով: