Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատում է ԱՄՆ-ի Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանի արտգործնախարարությունը «անընդունելի» և «անթույլատրելի» է անվանել ԱՄՆ-ի Իրանի դեմ սահմանած տնտեսական նոր պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել անցած ուրբաթ, հաղորդում է BBC-ն:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտուժեն, եթե ռուսական ընկերությունները ներառվեն այդ պատժամիջոցների ցանկում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ինչպես նշվում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական մեկնաբանություններում, Ռուսաստանը խստորեն հետևում է Իրանի նկատմամբ սահմանված այն սահմանափակումներին, որոնք հավանության են արժանացել ՄԱԿ-ի Անվգանության խորհրդի կողմից, և չի ընդունում այն պատժամիջոցները, որոնք «ինքնիշխանորեն սահմանում է Վաշինգտոնը իրանական միջուկային ծրագրով անհանգիստ լինելու պատրվակով և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 10-ին օրենք է ստորագրել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների խստացման վերաբերյալ, որն ավելի վաղ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հավանությանն էր արժանացել:










