ՀՅԴ երիտասարդական միությունների միջոցով կազմակերպվում են ճամբարներ
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության արտերկրի երիտասարդական միությունների միջոցով Հայաստանում և Արցախում այս տարի կազմակերպում է պատանեկան ճամբարներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Անահիտ Հարությունյանը:
Վերջինիս խոսքով, այս ամառ արդեն ճամբարներ են իրականացվել Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում, Ստեփանակերտում, Մարտունիում, Քաշաթաղում, որոնց մասնակցել են ավելի քան 1000 պատանիներ:
«Հունիսին կազմակերպել ենք այց Արևմտյան Հայաստան ճանաչողական ծրագիր: Վարիչների սեմինար սեպտեմբերին , որին կմասնակցեն 150 մարդ: Ճամբարները երեխաների համար անվճար են»,- ասաց Անահիտ Հարությունյանը:
ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության ներկայացուցիչ Պերճ Բարսեղյանն էլ նշեց, որ իրենց համար այս ծրագիրը մեծ ուրախություն է։
«Հայաստանի երեխաները մեզ շատ լավ ընդունեցին, առիթ եղավ անգլերեն սովորեցրեցինք, գրքեր էին բերել՝ հայրենասիրական երգերով, շապիկներ էինք տվել: Երգով, պարերով, խաղերով անցկացրեցինք, ամեն ինչ շատ լավ էր»,– ասաց նա:
Ծրագիրը, ըստ կազմակերպիչների, ուղղված է հայրենասիրությանը, ծանոթություններին, և շփումներին, հայրենիք և սփյուռք կապի ամրապնդմանը:










