Բրիտանական բանակին 2 տարի է հարկավոր Օլիմպիադայից ուշքի գալու համար

14:27 • 14.08.12

Բրիտանական բանակից 2 տարի կպահանջվի Օլիմպիական խաղերից ուշքի գալու համար: Այս մասին բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Օլիմպիադա-2012-ում ռազմական պլանավորման շտաբի ղեկավար Փիթեր Դոլբին: Նրա խոսքով` Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի այլ հատվածներում անվտանգության ապահովման գործում ներգրավվել է չափից շատ զինվոր, որոնց կտրել են իրենց պարտականություններից:


Դոլբիի խոսքով` սկզբնապես ծրագրվում էր, որ բանակը կհատկացնի 5.000 զինվոր: Սակայն այն բանից հետո, երբ G4S մասնավոր ընկերությունը չի կարողացել կատարել անվտանգության աշխատակիցներ տրամադրելու պարտավորությունը, կազմակերպիչները որոշել են զինվորների հաշվին այդ թիվն ավելացնել` հասցնելով 18.000-ի:


Պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը The Independent թերթին հայտնել է, որ այն իրավիճակը, որում հայտնվեցին Խաղերի կազմակերպիչները մասնավոր ընկերության պատճառով, ցույց տվեց, որ կան բաներ, որոնց ժամանակ երկիրը կարող է հույսը դնել միայն պետական կառույցների վրա, օրինակ` բանակի:


Ռազմական բարեփոխումների ծրագրի համաձայն` մինչև 2020թ.-ը Պաշտպանության նախարարությունը պետք է կրճատի կանոնավոր բանակի զինծառայողների թիվը` 102.000-ից հասցնելով 82.000-ի: