«Ասպարեզ»–ը դարձավ 104 տարեկան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրանում է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ամենահին թերթերից մեկի՝ «Ասպարեզ»-ի հիմնադրման 104-րդ տարեդարձը։
Այս առիթով , թերթի գլխավոր խմբագիր Ափո Պողիկյանը գրում է. «Այսօր «Ասպարեզ» թերթի տարեդարձն է, թերթը դարձավ 104 տարեկան: Այդ երկարատևության գաղտնիքը թերթի ստանձնած առաքելության հանդեպ նրա անձնակազմերի հանձնառության ոգին է, հայ համայնքի ցուցաբերած հոգատարությունն ու գուրգուրանքը:
Հավանաբար, ընթերցողներն արդեն իսկ զգում են, որ խմբագրությունը, թերթի պատասխանատուների և բարեկամների աջակցությամբ՝ ձեռնարկել է աշխատանքների մի շարք, որի նպատակն է «Ասպարեզը» աշխարհագրական տարբեր շրջանների մեջ բնակվող բազմահազար հայորդիներին, մասնավորաբար, Կալիֆորնիայի նահանգի սահմաններից ներս բնակվող հայությանը հասցնելը:
Խմբագրության թաքուն ցանկությունն է (ահա կոպիտ վրիպումով բացահայտված) թերթը դարձնել այս շրջանի հայության հպարտությունը և փորձել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Ասպարեզ»-ի յուրաքանչյուր բաժանորդ ի՛նքը դառնա թերթը քարոզող, թերթի համար նոր բաժանորդներ ապահովող, մեկ խոսքով՝ թերթը համարի իրենը:
Գաղտնազերծելով մեր այս ցանկությունը, դրանով իսկ կուզենայինք իմանալ նաև մեր ընթերցողների ցանկությունները: «Ասպարեզ»-ը թևակոխել է ներքին կազմակերպչական,վարչական մի նոր փուլ, այժմ գտնվում է նոր ծրագրերի մշակման փուլում, որոնց ամբողջացման համար դիմում ենք մեր բաժանորդներին, մեր աշխատակիցներին, ակնկալելով լսել նրանց առաջարկություններն ու խորհուրդները: Խոստովանենք, որ առանց համայնքի բարոյական և նյութական աջակցության, առանց ընթերցող-խմբագրություն անմիջական հաղորդակցության՝ դժվար թե կարողանանք իրագործել մեր մշակած ծրագրերի նույնիսկ մի փոքր մասը:
Համենայնդեպս, մեկ բան հստակ է. նահանջ չկա, չե՛նք կարող նահանջել, հետևաբար՝ պարտավոր ենք ամեն գնով ապահովել «Ասպարեզ»-ի կենսունակությունը պահպանելու միջոցները, մեր համայնքի ու, ընդհանրապես, հայկական իրականության մեջ նրա տիրական ներկայության երաշխիքները: Կսպասենք ձեր «նվերին»-ին»,- գրում է «Ասպարեզ»-ի գլխավոր խմբագիրը:
www.tert.am-ի խմբագրությունը շնորհավորում է «Ասպարեզ»-ի 104-ամյակը, մաղթելով ստեղծագործական հաղթանակներ ու երկարակեցություն:










