The Wall Street Journal-ը Սիրիայի և ռուսական բանկերի միջև կապ է հայտնաբերել
Ամերիկյան The Wall Street Journal ամսագրի տրամադրության տակ են հայտնվել Սիրիայի կառավարության մի շարք փաստաթղթեր, որոնցից հետևում է, որ Սիրիան ռուսական բանկերի միջոցով իրականացրել է նավթի վաճառք: Թերթի համաձայն` խոսքը «Գազպրոմբանկ»-ի և «Նովիկոմբանկ» -ի մասին է: Լրագրողների կարծիքով` այս քայլով Դամասկոսը ցանկացել է շրջանցել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ սիրիական բանկային հատվածի նկատմամբ առաջին պատժամիջոցներն ԱՄՆ-ի կողմից սահմանվել են 2011թ.-ի օգոստոսին, իսկ սեպտեմբերին Եվրամիությունը բեռնարգելք է դրել սիրիական նավթի մատակարարումների վրա:
Սիրիայի և «Գազպրոմբանկ»-ի համագործակցության մասին հայտնի է դարձել մի փաստաթղթից, որն այս տարվա փետրվարին սիրիական Sytrol ազգային նավթային ընկերությունն ուղարկել էր ֆինանսական հաստատությանը: Բացի այդ, մեկ այլ փաստաթղթից էլ պարզվել է, որ մարտին բանկի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել սիրիական Կենտրոնական բանկի հետ, որի ժամանակ քննարկվել է էլեկտրոնային բանկային փոխանցումների օպտիմալացման հարցը:
«Նովիկոմբանկ»-ի մասին հիշատակվել է Sytrol-ի և Դուբայի Intertrade ընկերության միջև նամակագրության մեջ, որը թվագրված է այս տարվա հունիս ամսով: Արդյո՞ք այս բանկերի միջոցով կնքվել է որևէ գործարք, դեռ հայտնի չէ:
«Գազպրոմբանկ»-ից թերթին հայտնել են, որ անցյալում իրենք համագործակցել են Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սակայն ներկայում այդ համագործակցությունը սառեցված է: «Նովիկոմբանկ»-ը նույնպես հերքել է տեղեկությունը:
Թերթի տրամադրության տակ է հայտնվել նաև մի նամակ, որը հուլիսին ուղարկվել է Սիրիայի այն ժամանակ վարչապետ Ռիյադ Հիջաբին (նախորդ շաբաթվա սկզբին փախել է Հորդանան): Որպես ուղարկողներ են հանդես եկել Սիրիայի ԿԲ նախագահը, Նավթի և Ֆինանսների նախարարները, ինչպես նաև Sytrol-ի ղեկավարը: Նամակից պարզ է դարձել, որ Սիրիան նավթի արտահանման 11 պայմանագիր է կնքել: Սակայն ով է գնել, կամ որ բանկերի միջոցով են փոխանցվել գումարները, հայտնի չէ:
Իսկ թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել WSJ-ի խմբագրությունում, չի նշվում: Սակայն թերթը հայտնում է, որ փաստաթղթերում նշված ոչ մի ընկերություն, որին նա դիմել է մեկնաբանություն ստանալու համար, չի կասկածել դրանց իսկությանը:










