Եգիպտոսի նախագահը փոխարինել է ՌՕՈւ, ՀՕՊ և ՌԾՈւ հրամանատարներին

19:22 • 14.08.12

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոններից ազատել է ՌՕՈւ, ՀՕՊ, և ՌԾՈւ հրամանատարներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով երկրի ղեկավարի վարչակազմի ներկայացուցչի այսօրվա հայտարարությանը:


Նախագահի հրամանով` ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել Յունիս Համեդ ալ-Մասրին, հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար` Աբդելմունեմ Իբրահիմ Բայումին, ռազմածովային ուժերի հրամանատար` Ուսամա Ահմեդ ալ-Գունդին:


Եգիպտական բանակի 3 հիմնական զորատեսակների հրամանատարների փոփոխությունը հետևել է կիրակի օրը Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարար Հուսեյն Տանտաուիի և բանակի գլխավոր շտաբի հրամանատար Սամի Անանի պաշտոնանկությանը, որոնք նշանակվել են նախագահի խորհրդականներ: Բանակի հրամկազմից հեռացվել է ևս 3 բանակի գեներալ:


Այսօր պաշտոնից հանված ՌՕՈւ, ՀՕՊ և ՌԾՈւ հրամանատար գեներալները ևս մտնում էին Գերագույն ռազմական խորհրդի կազմի մեջ, որը ղեկավարում էր երկիրը 2011թ. փետրվարին նախկին նախագահ Մուբարաքի հեռացումից հետո, մինչև ընտրված նախագահ Մուրսիի պաշտոնի ստանձնումը:


Նախորդ կիրակի Մուրսին չեղյալ համարեց հավելյալ սահմանադրական դեկլարացիայի գործողությունը, որը փոխարինում էր երկրի հիմնական օրենքին: