«Ֆոկուսիամա-1» ատոմակայանի ռադիացիան Ճապոնիայում թիթեռների մուտացիա է առաջացրել
Ճապոնիայի Ռյուկյու համալսարանի գիտական խումբը բացահայտել է տարօրինակ գենետիկ փոփոխություններ Ճապոնիայում ամենատարածված թիթեռի տեսակի մոտ:
Գիտնականները կարծում են, որ նման մուտացիաներ կարող են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի նախորդ տարվա վթարի հետևանքը լինել:
Այս գիտական աշխատանքի արդյունքները հրապարակված են ամերիկյան Nature ամսագրի վերջին համարում:
Իրենց հետազոտության ընթացքում ճապոնացի գիտնականները Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում հավաքել են Pseudozizeeria maha տեսակի նմուշներ: Հավաքված թիթեռներից շատերի մոտ գիտնականները մուտացիաների նշաններ են նկատել` չափազանց փոքր թևեր և աչքերին աննշան փոսիկներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին ճապոնական «Ֆոկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով երկրի հյուսիս-արևելյան լայն շրջան ռադիոակտիվ նյութերով աղտոտման ենթարկվեց:
Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաջորդ սերունդներում այդ գենետիկական փոփոխությունները թիթեռների առավել մեծ մասին են բաժին ընկնում:
Եթե սկզբնական փուլում որսված թիթեռներից միայն 12%-ի մոտ էր մուտացիա հայտնաբերվել, ապա դրանց սերունդը արդեն 18%-ով էր մուտացիայի ենթարկվել:
«Մենք եզրակացրեցինք, որ հայտնաբերված փոփոխությունները պայմանավորված են ռադիոնուկլիիդներով, որոնք հայտնվել են մթնոլորտում «Ֆուկուսիմա-1»-ի վթարի հետևանքով»,- հայտարարել է հետազոտական խմբի մասնակիցներից մեկը:
«Տարբեր տեսակի կենդանիներ տարբեր կերպ են արձագանքում ռադիացիային: Մենք պետք է ուսումնասիրենք փոփոխությունները նաև այլ տեսակների վրա, որ ռադիացիոն աղտոտման առավել հստակ պատկեր ստանանք»,- նշել են գիտնականները:










