Գերմանիան Հորդանանին 10 մլն եվրո կտրամադրի ջրի խնդիրը լուծելու համար
Հորդանանի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարար Մոհամադ Ջամիլ ալ Նաջարն այսօր Ամանում հայտարարել է, որ Գերմանիան իր երկրին կտրամադրի 10 մլն եվրո` որպես օգնություն` երկրի հյուսիսում ջրի մեծ պահանջարկը բավարարելու համար, որն առաջացել է Սիրիայից փախստականների մեծ հոսքի պատճառով, հայտնում է Trend-ը` վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:
Այցով Հորդանանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Դիրկ Նիբելն այսօր անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ գումարի 8.5 մլն-ը կուղղվի ջրամատակարարման ենթակառուցվածքների բարեկարգմանը, 1.5 մլն-ը` 150.000 սիրիացի փախստականների բժշկությանն ու առողջության պահպանմանը:
Հորդանանցի նախարարը, իր հերթին, նշել է, որ Սիրիայում զինված բախումների հետևանքով Հորդանան է փախել ավելի քան 150.000 սիրիացի, ինչն էլ ջրի խնդրի առջև է կանգնեցրել երկրին: Նա կոչ է արել միջազգային հանրությանն օգնություն տրամադրել իր երկրին բեռը թոթափելու համար:










