Ղազախստանում զանգվածային սպանության զոհերի թիվը հասել է 11-ի
Ղազախստանի Իլե- Ալաթաուի ազգային պուրակում զանգվածային սպանության զոհերի թիվը հասել է 11-ի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության պետի տեղակալ Արման Օրազալիևին, ազգային պուրակի տարածքում 2 դի հայտնաբերվել է անտառապահի տնակում, ևս 3-ը` տնակից մի քանի կմ հեռավորության վրա, մյուսների դիերը` մեկ այլ անտառապահի այրված տնակի փլատակների տակ:
Սպանվածների թվում, ենթադրվում է, եղել են որսորդ և որսագողերի դեմ պայքարող Պանայոտ Զախարոպուլոն, նրա ընտանիքի անդամներն ու աշխատակիցները: Նրանք բոլորը մահացել են դանակի հարվածներից:
Հայտնաբերվել է նաև որսորդի տղայի ջարդված մեքենան: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են արյան հետքեր, սակայն որսորդի որդու գտնվելու վայրն անհայտ է:
«Ինտերֆաքս»-ի համաձայն` իրավապահներին դեռ չի հաջողվել գտնել մարդասպաններին:










