Շվեյցարական մամուլը հրապարակել է «վարձու մարդասպանների գնացուցակը»

17:16 • 14.08.12

Շվեյցարական մամուլը կազմել է «վարձու մարդասպանների գնացուցակը»` հիմնվելով վերջին տարիների քրեական քրոնիկոնի վրա: Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով շվեյցարական «Մեր թերթ»-ին, ոստիկանի պատվերով սպանությունը, օրինակ, կարող է արժենալ 5.000 դոլար, իսկ պատվիրատուները շատ հաճախ «պատահական մարդիկ» են:


Սակայն գոյություն ունի տագնապային միտում` վերջին տարիներին Ժնևում նման սպանությունների թիվն ավելացել է: Ըստ թերթի` գումարը, որը ստանում է վարձու մարդասպանը, կախված է գործի բարդությունից և նաև` թե ով է ստանձնել պատվերը: Օրինակ` Ժնևում ամուսինը կնոջ սպանությունը պատվիրել էր Կոսովոյի երեք քաղաքացու, որոնք աշխատանքի դիմաց պետք է ստանային 400.000 շվեյցարական ֆրանկ (գրեթե հավասար է դոլարին):

Մեկ ուրիշ դեպքում զոքանչն ու կինը պատվիրել են փեսայի սպանությունը 50.000 ֆրանկի դիմաց: Իսկ մի ռեստորանի սեփականատեր էլ 20.000 է վճարել իր մրցակցին վերացնելու համար: Միայն ռեկորդային ժլատություն է դրսևորել Պակի թաղամասի մի նպարավաճառ, ով խոստացել է աֆրիկացի մարդասպանին վճարել 5.000 ֆրանկ` «համառ» ոստիկանին վերացնելու համար:


Եվրոպայի կենտրոնում սպանության պատվեր կարող է տալ ով ասես և երբ ասես: «Ակնհայտ է, որ սպանում են բոլորը և սպանում են հենց այնպես»,- ասել է դատապաշտպան Մարկ Բոնանը:

 
Մարդասպաններին չի վախեցնում նաև խիստ պատիժը: Օրինակ` կնոջ և զոքանչի փողերով սպանված ամուսնու մարդասպանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, ինչպես նաև զոհի կինը: Սակայն որոշ դատապաշտպաններ կարծում են, որ կատարողը պետք է արժանանա առավել դաժան պատժի, քան պատվիրատուն: