Վախը կառավարելի երևույթ է. լեռնագնաց Անդրանիկ Միրիբյան

14:19 • 14.08.12

Օգոստոսի 12-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի շնորհիվ Ուշբա լեռան վրայից իջեցված հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանն արդեն ուղևորվում է Հայաստան:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց հայ լեռնագնացն ինքը, ով պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսի՞ գիշերներ է անցկացրել 4690 մետր բարձրության վրա գտնվող լեռան գագաթին, սառնամանիքի մեջ, նշեց.«Կա ակլիմատիզացիա կոչվող երևույթը, երբ մինչև լեռան գագաթը բարձրանալը քո օրգանիզմը պատրաստվում է այդ դժվար կլիմայական պայմաններին ու նորմալ սկսում ես տանել էդ բարձրությունը: Ինձ մոտ նորմալ ստացվեց, ես ծանր ուսապարկ ունեի ու հանգիստ բարձրացել եմ մինչև վերջ»:

 

Իսկ լեռան գագաթին եղած ժամանակ մտածու՞մ էր Աստծու, կյանքի, մահվան ու այլ բաների մասին.«Վախը այնպիսի երևույթ է, որ դու կարողանում ես իշխել իրեն, այսինքն՝ կառավարելի պրոցես եմ համարում վախը… » ,- ասաց Անդրանիկն, ում հետ մեր հարցազրույցը տեխնիկական պատճառներով՝ սարերում կապի անընդհատ խափանումների պատճառով, այս անգամ մնաց անավարտ:


Հիշեցնենք, որ մինչ Անդրանիկի փրկության հայ-վրացական համատեղ օպերացիայի իրականացումը, վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել էր մոտենալ հայ լեռնագնացին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նրան մոտենալ չէր հաջողվում:


Մինչ այսօր՝ Հայաստան ուղևորվելը, Անդրանիկ Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` հանգստանալու և ուժերը վերականգնելուց համար: